Կավածություն համացանցից

ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ

Առանց համակարգչի և համացանցի անհնար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը։  Համացանցի միջոցով կարող ես գտնել քո ուզած տեղեկությունը, դիտել ցանկացած ֆիլմ, գնել տարբեր իրեր, խաղալ խաղեր և այլն։ Ուստի և մարդկությունը չէր կարող զերծ մնալ համացանցից կախվածությունից։

Համացանցից կախվածությունը հոգեբանական խնդիր է, որի ժամանակ մարդը չի կարողանում ժամանակին դուրս գալ ցանցից, ինչպես նաև ունի այնտեղ վերադառնալու անընդհատ ցանկություն։ Համացանցից առաջ են գալիս մի շարք խնդիրներ, օրինակ՝    վատանում է մարդու հիշողությունը, իրական շփման հետզարգացումը և այլն։ Շատ կարևոր խնդիր է անքնությունը։ Մարդն այնքան է տարվում շփումով, խաղով և այլնով, որ քնի ժամանակ չի մնում։ Համացանցը բերում է մի շարք ֆիզիոլոգիական վնասներ ևս՝ վատանում է տեսողությունը, անընդհատ նստած դիրքից առաջանում են հոդացավեր և գիրություն։

Ամենատարածված տարատեսակը դա սոցիալական ցանցերից կախվածությունն է։ Իհարկե, եթե դուք պարբերաբար շփվում եք Ձեզ ծանոթ մարդկանց հետ սոցիալական ցանցերով, դա դեռ կախվածություն չէ, սակայն կան դեպքեր, երբ մարդիկ հատուկ մտնում են սոցցանցեր, որպեսզի նոր ծանոթություններ հաստատեն։ Այդպիսի մարդկանց «ընկերների» մեծ մասը վիրտուալ են լինում, իրական կյանքում այդ մարդիկ ընկերներ շատ քիչ ունեն և շատ քիչ են շփվում նրանց հետ։ Սոցցանցերից կախվածությունն առաջանում է մի շարք պատճառներով։ Մարդը սոցցանցերում իրեն ավելի վստահ է զգում, քանի որ զրուցակիցը չի տեսնում նրան, չի կարող գնահատել նրա արտաքինը, պահվածքը և այլն։ Դա մեծ դաշտ է ինքնաարտահայտվելու և ցուցադրվելու համար։ Կախվածության այս տեսակն ավելի շատ հանդիպում է դեռահասների շրջանում,քանի որ այդ տարիքում է շփումը վեր դասվում բոլոր տեսակի գործունեություններից։

Հաջորդ տարատեսակը տեղեկատվական կախվածությունն է։ Այս կախվածությունն ունեցող մարդիկ կարող են ժամեր անցկացնել՝ տարատեսակ տեղեկություններ փնտրելով։

Հաջորդ տարատեսակը խաղային կախվածությունն է։ Այժմ կան բազմաթիվ առցանց խաղեր, որոնց մուտքն ազատ է։ Առցանց խաղերով տարվող մարդիկ հիմնականում կամ պարապուրդից են այդպես վարվում, կամ էլ բավարարված չեն իրենց աշխատանքից, կյանքից։ Առցանց խաղերը հատուկ այնպես են կառուցված, որ գրավեն մարդկանց, մարդիկ անգամ գումարներ են տալիս խաղային միավորների դիմաց։

Համացանցից կախվածության մեկ այլ տեսակ է ազարտային խաղերից կախվածությունը։ Դա, ըստ էության, նույն խաղամոլությունն է, ուղղակի համացանցի տիրույթում։ Համացանցն ավելի լայն հնարավորություններ է տալիս։ Ստիպված չես լինում դուրս գալ տանից, հասնել խաղատուն, սպասել հերթիդ։

Մել այլ վտանգավոր կախվածություն է էրոտիկ բնույթի հոլովակների դիտումն ու էրոտիկ շփումներ հաստատելը համացանցով, որտեղ թիրախային են դեռահասները։ Սա վտանգավոր է նրանով, որ մարդիկ այնքան են տարվում վիրտուալ-էրոտիկ շփումներով, որ իրական կյանքում դժվարություններ են ունենում, երիտասարդանում է իմպոտենցիան։ Համացացնից կախվածությունը ներառում է այլ տեսակներ ևս՝ կախվածություն առցանց գնումներից, հակերությունւց և այլն։

Համացանցից կախվածությունից ձերբազատվելու համար առաջարկում ենք, որպեսզի հստակ որոշեք, թե որքան ժամանակով են օգտվելու համացանցից և ժամանակը լրանալուն պես անմիջապես անջատեք համակարգիչը, գտեք Ձեր համար նոր հետաքրքրություններ։

Համացանցը վատ բան չէ, իհարկե, այն տեղեկատվական և շփման հրաշալի հարթակ է, ուղղակի պետք է իմանանք մեր սահմանները, պլանավորենք մեր ժամանակը և պահպանենք քննադատական վերաբերմունքը մեր սեփական անձի նկատմամբ։

 

ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Համացանցից կախվածությունը համեմատում են ալկոհոլից և թմրանյութերից կախվածության հետ։ Անհանգստության պատճառներ իրականում կան, քանի որ համացանցից կախվածությունը հանգեցնում է ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք խնդիրների։

Համացանցից կախվածությունն արդեն համարվում է հիվանդություն և ներառված է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից դասակարգված հիվանդությունների շարքում։

Մի շարք հետազոտություների արդյունքում պարզվել է, որ համացանցում տարբեր կայքերի արագ և անընդհատ դիտումը հանգեցնում է նրան, որ մարդու ուղեղը կորցնում է վերլուծական մտածողության հմտությունները։

Համացանցից մշտապես օգտվող մարդը վերածվում է իմպուլսիվ և մտավոր աշխատանք կատարելու անկարող մարդու։

Մտածական գործընթացների և հիշողության խանգարումները համացանցից կախվածության միակ բացասական հետևանքները չեն։ Մշտապես խորանալով համաշխարհային սարդոստայնի մեջ՝ մարդը կորցնում է իրական շփման հմտությունները։ Ինչու՞ հանդիպել ընկերներին, եթե հնարավոր է խոսել նրանց հետ համացանցում, ինչու՞ խոսել հեռախոսով մեկի հետ, պայմանավորվել հանդիպման համար, եթե հնարավոր է ուղղակի նրան նամակ ուղարկել, ինչու՞ շրջել և գնումներ կատարել իրական խանութներում, եթե հնարավոր է ամեն ինչ պատվիրել համացանցում և տնից դուրս չգալ։ Այսինքն՝ համացանցի ցանկացած դրական կողմ կարող է վերածվել բացասականի, եթե այն հասնում է կախվածության։ Այսպես՝ առաջանում են բարդություններ նոր մարդկանց հետ շփվելիս, իսկ համացանցից կախվածություն ունեցող մարդու համար անծանոթ միջավայրում հայտնվելը ուժեղ սթրեսային իրավիճակ է։ Բացի այս, մարդն ավելի ինքնամփոփ է դառնում, փակվում է ինքն իր մեջ, ինչն անդրադառնում է և աշխատանքի, և ուսման վրա, առաջանում են քնի և սնվելու խանգարումներ։ Որոշ մարդկանց համացանցից կախվածությունը դրդում է ինքնասպանության։

Բացի հոգեբանական և մտածական խանգարումներից, համացանցից կախվածությունը հանգեցնում է նաև ֆիզիկական հիվանդությունների առաջացման։ Համակարգչի առաջ շատ երկար նստելով՝ մարդը վնասում է իր տեսողությունը։ Համացանցից կախվածությունը, որն ուղեկցվում է նստակյաց կյանքով, հանգեցնում է ողնաշարի և հոդերի մի շարք հիվանդությունների առաջացմանը։

Այն կարող է ընտանեկան հարաբերությունների խախտման պատճառ դառնալ։ Սրա պատճառով վատանում և սրվում են միջանձնային հարաբերությունները, և դա նույնիսկ կարող է հանգեցնել ամուսնալուծության։ Համացանցից կախվածությունը ժամանակակից հասարակության խնդիրն է։