Հաճախ տրվող հարցեր

1 Հարց

Հնարավո՞ր է բուժել ալկոհոլիզմը։

Պատասխան

Ալկոհոլիզմը խրոնիկական հիվանդություն է և լիարժեք ձերբազատվել այս հիվանդությունից հնարավոր չէ, սակայն կան ժամանակակից մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդին զերծ մնալ ալկոհոլի վնասակար գործածումից, հաղթահարել ալկոհոլային զրկանքի համախտանիշը, ընկճել ախտաբանական հակումը ալկոհոլի նկատմամբ և ապահովել երկարատև ախտադադար։

2 Հարց

Ալկոհոլիզմով տառապող հիվանդները հիվանդության ո՞ր փուլում են ավելի հաճախ դիմում մասնագետի։

Պատասխան

Հիմնականում դիմում են հիվանդության երկրորդ փուլում, երբ ձևավորված է ալկոհոլային զրկանքի համախտանիշը, տոլերանտությունը բարձր է, այլևս անհնար է ինքնուրույն պայքարել ալկոհոլի չարաշահման դեմ։

3 Հարց

Ալկոհոլի չարաշահման դեպքում, ո՞ր ախտանիշներն են խոսում արդեն ձևավորված հիվանդության մասին։

Պատասխան

Երբ ալկոհոլի նկատմամբ հակվածությունը դառնում է անհաղթահարելի, անտեսում են բոլոր բարոյական և էթնիկական նորմերը իրենց ծարավը ալկոհոլի նկատմամբ բավարարելու համար, իրավիճակի նկատմամբ վերահսկումը բացակայում է, գործածած ալկոհոլի քանակի նկատմամբ վերահսկողությունը նվազում է, հիշողության կորուստը ալկոհոլային հարբածության արդյունքում, ագրեսիվ վարք, հետագայում ալկոհոլային զրկանքի համախտանիշի ձևավորում, հոգեկան և ֆիզիկական կախվածություն ալկոհոլային խմիչքներից։

4. Հարց

Որքանո՞վ են վտանգավոր ալկոհոլային փսիխոզները։

Պատասխան

Ալկոհոլային փսիխոզները սովորաբար ընթանում են ցնորքների առկայությամբ և զառանցական մտքերի արտահայտմամբ, հիվանդների վարքը հաճախ համապատասխանում է իրենց ապրումներին, որի պատճառով հիվանդները կարող են վտանգ ներկայացնել ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար։ Հետևաբար նման դեպքերում պետք է անհետաձգելի կերպով կազմակերպել հիվանդների ստացիոնար բուժօգնություն։

5. Հարց

Որքա՞ն ժամանակով են հաշվառվում ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ տառապող հիվանդները բուժվելու դեպքում։

Պատասխան

Թմրամոլները հաշվառումից հանվում են՝ բժշկական դիտարկմամբ օբյեկտիվ հաստատված 5 տարի կայուն ռեմիսիայի (լավացման) դեպքում, ալկոհոլիզմի դեպքում 3 տարի կայուն ռեմիսիայի դեպքում,  ալկոհոլային սուր հոգեկան խանգարումների դեպքում 5 տարի կայուն ռեմիսիայի դեպքում, ՀՀ սահմաններից դուրս թմրամոլի՝ որպես քաղաքացու հաշվառվելու դեպքում (քաղաքացու անձնագրում համապատասխան գրառման առկայության դեպքում), դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում, մահվան դեպքում։

6․ Հարց

Գաղտնի՞ են արդյոք թմրամոլությամբ հիվանդների հաշվառման մասին տվյալները։

Պատասխան

Թմրամոլների և ալկոհոլիզմով տառապող անձանց հաշվառումն իրականացվում է որպես քաղաքացու հաշվառման վայրի տարածքն սպասարկող նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության կողմից։ Թմրամոլների հաշվառման վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են։ Դրանք կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։

7․ Հարց

Ե՞րբ է հնարավոր ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ տառապող հիվանդին ենթարկել հարկադիր բուժման։

Պատասխան

ՀՀ-ում ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ տառապող հիվանդը կարող է դիմել բուժման կամավոր ՝ իր դիմումի համաձայն ։ Հարկադիր բուժումն իրականացվում է միայն դատարանի որոշմամբ։

8․ Հարց

Ալկոհոլիզմով տառապող անձը բուժվելուց հետո կարո՞ղ է խմել չափավոր։

Պատասխան

Ալկոհոլիզմը, խրոնիկական, ախտադարձերի բարձր հավանականությամբ ընթացող հիվանդություն է։ Ալկոհոլի գործածման յուրաքանչյուր փորձը կարող է ախտադարձի (ռեմիսիայի) պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում բացառել ալկոհոլային խմիչքների գործածումը։

9․ Հարց

Ինչպիսի՞ թմրանյութեր են տարածված ՀՀ-ում։

Պատասխան

Ըստ կատարված հարցումների, հիվանդների դիմելիության և տոքսիկոքիմիական հետազոտությունների արդյունքների տվյալների ՀՀ-ում շրջանառվող թմրամիջոցներից են հաշիշ, մարիխուանա, սփայս, ափիոն,  հերոին, ացետիլացված ափիոն, դեզոմորֆին, կոդեին, բուպրենորֆին, մեթադոն, ամֆետամին, ՄԴԱ, կոկաին։ Վերջին տարիներին խիստ տարածված է «դեզոմորֆինի» ն/ե գործածումը, որը հիվանդների մոտ առաջացնում է սոմատիկ խնդիրներ (ծնոտի բորբոքային ախտահարումներ, օստիոմիելիտ, թոքի աբցես, թրոմբոֆլեբիտներ, սեփսիս) և բարձր մահացության պատճառ է հանդիսանում։ Երիտասարդների շրջանում խիստ տարածված է սփայսի, ամֆետամինի, էքստազիի գործածումը, որոնք նույնպես կործանարար ազդեցություն ունեն։

10․ Հարց

Նպաստու՞մ է արդյոք շրջապատը թմրանյութերի գործածմանը։

Պատասխան

Սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ թմրամիջոցների գործածման առաջին փորձերը իրականանում են հասակակիցների, ընկերական շրջապատի ազդեցությամբ, տվյալ խմբի մեջ ընդգրկվելու, հաստատվելու դրդմամբ։

11․ Հարց

Ինչպե՞ս որոշել թմրամիջոցների առկայությունը օրգանիզմում։

Պատասխան

Թմրամիջոցների առկայությունը օրգանիզմում որոշվում է տոքսիկոքիմիական հետազոտության արդյունքում  հետազոտվողի բիոմիջավայրի /մեզ, մազ/ հետազոտման արդյունքում, որտեղ կախված թմրամիջոցի տեսակից պահպանվում են տարբեր տևողությամբ։

12․ Հարց

Ինչպե՞ս ձերբազատվել թմրանյութերից։

Պատասխան

Թմրամիջոցներից ազատվելու համար անհրաժեշտ է ժամանակ, համառություն, երկարատև բուժում, ֆիզիկական և հոգեկան վերականգնում։ Բուժման մեթոդի ընտրման հարցում նարկոլոգները ցուցաբերում են խիստ անհատական մոտեցում։ Կարևոր դեր է խաղում հիվանդի ցանկությունը և մոտիվացիան։

13․ Հարց

Առաջանու՞մ է կախվածություն մարիխուանայից։

Պատասխան

Ինչպես և այլ թմրամիջոցների, այնպես էլ մարիխուանայի երկարատև, պարբերաբար գործածումը նույնպես հանգեցնում է կախվածության։ Թմրամիջոցի բացակայության դեպքում հիվանդի մոտ նկատվում է տրամադրության անկում, ընկճվածություն, կրկին մարիխուանա ծխելու անզուսպ ցանկություն, հետևաբար հոգեկան, իսկ հետագայում նաև ֆիզիկական կախվածություն։

14․ Հարց

Հիվանդության ո՞ր փուլում է լիարժեք բուժելի թմրամոլությունը։

Պատասխան

Այն պահից, երբ անձի մոտ առաջանում է հոգեկան և ֆիզիկական կախվածություն թմրամիջոցներից, նա ձեռք է բերում անբուժելի հիվանդություն։ Դա նշանակում է, որ անկախ այն բանից, հիվանդը հիվանդության որ փուլում է դիմել բուժման և անցել բուժման կուրսը և որքան է տևել ախտադադարը, ողջ կյանքի ընթացքում ունի բարձր ռիսկ վերսկսելու թմրամիջոցների գործածումը։ Այդ նկատառումներով հիվանդները վերցվում են դիսպանսեր հաշվառման բուժման կուրսն անցնելուց հետո, երկարատև գտնվում են տեղամասային նարկոլոգի հսկողության տակ։

15․ Հարց

Որքա՞ն է թմրամոլի կյանքի տևողությունը։

Պատասխան

Թմրամիջոցների ակտիվ գործածման դեպքում կյանքի տևողությունը կախված գործածվող թմրամիջոցի տեսակից, թմրամոլի վարած կյանքի որակից, կենսակերպից, ուղեկցող հիվանդություններից կարող է տատանվել։ Դիտարկումների արդյունքում գրանցվել են դեպքեր, երբ թմրամոլը ապրում է 15-20 և ավելի տարիներ։ Լինում են դեպքեր, օրինակ «դեզոմորֆինի» գործածման դեպքում, երբ թմրամոլի կյանքի տևողությունը կազմում է 1-2 տարի, երբեմն ամիսներ, պայմանավորված ներերակային գործածման հետևանքով առաջացած սոմատիկ խնդիրներով։

16․ Հարց

Որո՞նք են թմրամոլի մահվան պատճառները։

Պատասխան

Հիմնականում գերդոզավորումները, անորակ թմրամիջոցներով թունավորումները, սոմատիկ հիվանդությունները, սեփսիս, թոքաբորբ, խրոնիկական լյարդային անբավարարություն, սիրտանոթային հիվանդություններ, ինչպես նաև վնասվածքները ճանապարհատրանսպորտային պատահարների, վեճերի, կռիվների արդյունքում։

17․ Հարց

Ամուսինս տառապում է թմրամոլությամբ երկար տարիներ, երբևէ որևէ բուժում չի ստացել ։ Ծանր թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց վերակենդանացման բաժանմունք։ Ի՞նչ խորհուրդ կտաք շուտով նրա հերթական ներարկման ժամանակն է, այլապես ինքնազգացողությունը կվատանա։

Պատասխան

Նման դեպքերում խորհուրդ է տրվում հիվանդին շարունակել բուժումը սոմատիկ բաժանմունքում։ Անհրաժեշտության դեպքում կհրավիրվի նարկոլոգ խորհրդատվության նպատակով և կկազմակերպվի համապատասխան բուժօգնություն։

18․ Հարց

Ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել հարազատին, որը տառապում է թմրամոլությամբ։

Պատասխան

Ստիպել դադարեցնել թմրամիջոցների գործածումը կամ հակառակը աղերսել այդ մասին թմրամոլությամբ տառապող անձին անիմաստ է։ Անհրաժեշտ է ցույց տալ  Ձեր վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ, հնարավորինս աջակցել հիվանդին մասնագետի տեսադաշտում վաղ հայտնվելու հարցում։

19․ Հարց

Ինչպե՞ս վարվել, երբ թմրամոլը դադարեցրել է թմրամիջոցների գործածումը, սակայն չարաշահում է ալկոհոլ։

Պատասխան

Հաճախ դիտվող երևույթ է թմրամոլների շրջանում։ Թմրամոլությամբ տառապող անձի մոտ շատ կարճ ժամանակահատվածում կարող է զարգանալ ալկոհոլիզմ։ Անհրաժեշտ է կազմակերպել զուգահեռ բուժում և հակաալկոհոլային և թմրամոլության դեմ, և ցուցաբերել խիստ մասնագիտական մոտեցում։

20․ Հարց

Արդյո՞ք թմրամիջոցների գործածումը յուրաքանչյուր անհատի ընտրությունը և անձնական խնդիրը չէ։

Պատասխան

Յուրաքանչյուր թմրամոլ շրջապատված է հարազատներով, ընկերներով, համակուրսեցիներով, հարևաններով և այլն։ Ակամայից նրանք նույնպես կարող են ներգրավվել այս խնդրի մեջ, քանի որ թմրամոլությունը անուղղակի պատճառ է դեպի հանցագործ վարք, անառողջ ապրելակերպ, կենցաղային և սոցիալական խնդիրներ և շրջապատը կարող է կրել ինչպես հոգեբանական, այնպես էլ կենցաղային, առողջական, սոցիալական վնասներ։ Հոգեբանական աջակցության խնդրանքով հաճախ են աշխատանքներ տարվում հիվանդների հարազատների հետ։

21․ Հարց

Ի՞նչ է դեղատնային թմրամոլությունը։

Պատասխան

Դեղատնային թմրամոլության օրինակ է «դեզոմորֆինի» պատրաստման և գործածման երևույթը, որը ստանում են դեղատներում ազատ վաճառվող կոդեին պարունակող դեղահաբերից՝ քիմիական լուծիչներով մշակման արդյունքում։

22․ Հարց

Ի՞նչ է նշանակում «լեգալ» թմրամիջոց հասկացությունը։

Պատասխան

Յուրաքանչյուր տարի ստեղծվում են 20-50 տեսակի նոր թմրանյութեր, որոնք անմիջապես չեն ընդգրկվում արգելված նյութերի ցուցակի կազմում։ Եվ այդ ժամանակահատվածը ծառայում է թմրանյութերի փողոցային առևտրով զբաղվող անձանց համար նպաստավոր շրջան դեռևս չլեգալիզացված թմրամիջոցների առևտրով զբաղվելու համար (ստիմուլյատորներ պարունակող բազմազան փոշիներ, ծխելու միջոցով գործածվող խառնուրդներ և այլն)։

23․ Հարց

Ի՞նչ է «սփայսը» և ինչպիսի՞ ազդեցություն ունի օրգանիզմի վրա։

Պատասխան

Սինթետիկ ծագման ծխանյութ է, որի բաղադրության մեջ մտնում են ինչպես բուսական, այնպես էլ քիմիական ծագման նյութերի խառնուրդներ։ Ազդեցությունը բնորոշվում է շրջակա միջավայրի աղավաղված ընկալմամբ, պատրանքների, տեսողական ցնորքների, իրականության ընկալման խանգարումներով, ընկղմվում են սեփական հոգեկան ապրումների մեջ։ Անձը գտնվում է կեղծ իրականության մեջ, ձևավորված իր գիտակցությամբ, և դրսևորում է ոչ ադեկվատ վարք, որի արդյունքում ընդունակ է կատարել սոցիալապես վտանգավոր գործողություններ, և նույնիսկ ինքնասպանության փորձ։

24․ Հարց

Կարո՞ղ են բուժօգնություն ստանալ նարկոլոգիական կենտրոնում ՌԴ քաղաքացիները։

Պատասխան

Արտասահմանցի, այդ թվում և ՌԴ քաղաքացիները կարող են օգտվել «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի ծառայություններից՝ վճարովի հիմունքներով։

25․ Հարց

Ի՞նչ բուժօգնություն կառաջարկեք թմրամոլությամբ տառապող հիվանդի համար, երբ նա բազմիցս անարդյունավետ բուժման փորձեր ունի։

Պատասխան

ՀՀ-ում գործում է թմրամոլության դետոքսիֆիկացիոն բուժման մեթոդ և մեթադոնային փոխարինող բուժման մեթոդ, որը նպատակահարմար է այն հիվանդների համար, ովքեր ունեն դետոքսիֆիկացիոն բուժման անարդյունավետ փորձեր, թմրամիջոցների գործածման երկարատև փորձ կամ ունեն ծանր սոմատիկ խնդիրներ։ Առաջնություն է տրվում ՄԻԱՎ-ով ապրող թմրամոլներին, հղիներին։

26․ Հարց

Ինչպե՞ս է կազմակերպվում բուժումը նարկոլոգիական կլինիկայում և արդյոք պարտադիր է հաշվառվել։

Պատասխան

ՀՀ քաղաքացիների ընդունելությունը նարկոլոգիական կենտրոն իրականացվում է պլանային կարգով՝  ՀՀ քաղաքացիության մասին վկայող փաստաթղթի առկայությամբ։ Կախված հիվանդության ծանրության աստիճանից, հիվանդի սոմատիկ վիճակից բուժումը կարելի է կազմակերպել ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում։ Հիվանդները անցնում են դիսպանսեր հսկողության իրենց տեղամասային նարկոլոգի կողմից։ Դիսպանսեր հաշվառումից խուսափող անձինք կարող են բուժօգնություն ստանալ առանց անձը հաստատող փաստաթղթի՝ վճարովի հիմունքներով։

27․ Հարց

Արդյո՞ք հնարավոր է կոդավորվել թմրանյութերի կամ ալկոհոլի գործածումը դադարեցնելու համար։

Պատասխան

Կոդավորումը իրենից ներկայացնում է միջոցառումների կոմպլեքս, որոնց հիմքում ընկած է, ինչպես ուղղակի ներգործում հիվանդի սոմատիկ և նյարդային համակարգի վրա (քիմիական պրեպարատների ն/ե ներարկումներ, իմպլանտացիա, դեղորայքի երկարատև ընդունում), այնպես էլ հոգեբանական ազդեցություն, որի արդյունքում նվազում է հիվանդագին հակումը ալկոհոլի կամ թմրամիջոցների նկատմամբ, իսկ դրանց գործածումը դառնում է վտանգավոր հիվանդի կյանքի համար։ Այս մեթոդը կիրառելի է ոչ բոլոր հիվանդների համար։ Կիրառելիս հաշվի է առնվում հիվանդի ցանկությունը, մոտիվացիան, նաև հիվանդի առողջական վիճակը, տարիքը։

28․ Հարց

Ազդում է արդյո՞ք ալկոհոլիզմը ընտանիքի մյուս անդամների առողջության վրա։

Պատասխան

Ալկոհոլիզմը հզոր ներընտանեկան ֆակտոր է, որը ազդում է ոչ միայն սերնդի, այլև ծնողների, ամուսնու կամ կնոջ առողջության, կյանքի որակի վրա։ Հարցումները և աշխատանքային փորձը ցույց են տվել, որ ալկոհոլիզմով կամ թմրամոլությամբ տառապող հիվանդների ընտանիքների անդամների շրջանում հանդիպում են էմոցիոնալ անհավասարակշռված, դեպրեսիաների հակված, դյուրագրգիռ, քնի խանգարումներով, հյուծված, ինչպես նաև հոգեսոմատիկ խանգարումներով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, հիպերտոնիկ հիվանդությամբ, խոցային հիվանդությամբ և այլ խնդիրներով տառապող անձինք։

29․ Հարց

Ճի՞շտ է, որ կանանց ալկոհոլիզմը անբուժելի է։

Պատասխան

Ալկոհոլային կախյալության ձևավորումը և ընթացքը կանանց մոտ ունի որոշակի առանձնահատկություններ։ Սակայն ալկոհոլիզմի զարգացման մեխանիզմները նույնն են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։ Կանայք ավելի էմոցիոնալ են, ավելի դժվարությամբ և ուշացումով են դիմում բժշկի։ Բուժման ընթացքում նրանց ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական առանձնահատկությունները։

30․ Հարց

Դեղատանը խորհուրդ են տվել դեղամիջոց, որը կարող է ընկճել ալկոհոլ գործածելու ցանկությունը։ Կարելի՞ է գաղտնի կերպով այն խմեցնել հիվանդին, որը 5-6 տարի է չարաշահում է ալկոհոլային խմիչքները։

Պատասխան

Ալկոհոլային կախվածությունը  բարդ հիվանդություն է և պահանջում է երկարատև  լիարժեք բուժման կուրս։ Բնականաբար մեկ պրեպարատով այն կանխել հնարավոր չէ։ Խորհուրդ է տրվում ուղեկցել հիվանդին նարկոլոգի խորհրդատվության։ Ցուցման դեպքում կկազմակերպվի լիարժեք բուժման կուրս։

31․ Հարց

Ի՞նչ դեղորայք խորհուրդ կտաք հիվանդին, որը երկու տարի անընդմեջ գործածել է ափիոնային թմրամիջոցներ և արդեն 3 օր է չի ներարկում , սարսափելի տանջվում է սաստիկ ցավերից։

Պատասխան

Ափիոնային զրկանքի վիճակը տևում է 7-10 օր։ Ցավային սինդրոմը կարելի է մեղմացնել ցավազրկողներով, որոնք կարելի է ձեռք բերել դեղատներից առանց դեղատոմսի։ Սակայն 3-5-րդ օրը սրանում է ախտաբանական հակումը թմրամիջոցների նկատմամբ, հիվանդները դառնում են ավելի դյուրագրգիռ, անհանգիստ, ունենում են անքնություն։ Այս շրջանում հատկապես անհրաժեշտ են թմրամիջոցների նկատմամբ հակումն ընկճող պրեպարատներ, սեդատիվներ, քնաբերներ, որոնց նշանակումը իրականացվում է բացառապես նարկոլոգների կողմից և ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Խնդրի լիարժեք լուծման համար խորհուրդ է տրվում դիմել ստացիոնար բուժման և անցնել բուժման ողջ կուրսը։

32․ Հարց

Գոյություն ունե՞ն «թեթև» թմրանյութեր։

Պատասխան

Բոլոր թմրանյութերն էլ վտանգավոր են և կործանարար ազդեցություն ունեն։ Բոլորն էլ առաջացնում են հոգեկան կախյալություն, փոխում են անձի հոգեբանությունը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ Պարզապես որոշ թմրամիջոցներ ավելի նվազ կերպով են առաջացնում ֆիզիկական կախյալություն և ազդում սոմատիկ վիճակի վրա։

33․ Հարց

Հիվանդի ընդունելությունը նարկոլոգիական կենտրոն մերժվել է՝ պատճառաբանելով, որ դիմել է ալկոհոլային հարբածության վիճակում։ Ինչպե՞ս վարվել, եթե հիվանդը միայն այդ պահին է համոզվել գալ բուժման և հազվադեպ է լինում սթափ վիճակում։

Պատասխան

Համաձայն ՀՀ ԱՆ չափորոշիչների նարկոլոգիական հիվանդություններով տառապող անձանց ընդունելությունը հիվանդանոցային բժշկական հաստատություն իրականացվում է պլանային կամ անհետաձգելի կարգով։ Պլանային ընդունելությունը իրականացվում է միայն աշխատանքային օրերին և ժամերին, հիվանդի ՀՀ քաղաքացու անձնագրի առկայության և բժիշկ-նարկոլոգի ուղեգրի հիման վրա։ Անհետաձգելի ընդունելությունը իրականացվում է շուրջօրյա զրկանքի համախտանիշի կամ սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում։ Ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ։ Տվյալ դեպքում հիվանդի բուժօգնությունը կազմակերպել պլանային կարգով։

34․ Հարց

Եթե անձը հաճախ է օգտագործում ալկոհոլային խմիչքներ, ստեղծում առիթներ, խնջույքներ, արդյո՞ք դա խոսում է հիվանդության մասին և անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Պատասխան

Եթե խոսքը գնում է կենցաղային հարբեցողության մասին, և ալկոհոլից կախվածության նշաններ հիվանդի մոտ չկան, ապա պետք է պարզապես զերծ մնալ ալկոհոլային խմիչքների չարաշահումից, քանի որ կենցաղային հարբեցողությունը կարող է վերածվել հիվանդության։

35․ Հարց

14 տարեկան որդուս մոտ նկատվում է վարքի փոփոխություն՝ հաճախ բացակայում է դասերից, դասերին ներկայանում է անպատրաստ, տրամադրությունը փոփոխական է, ագրեսիվ, կոնֆլիկտային, ընկերություն է անում մեծահասակների հետ, որոնք այնքան էլ վստահություն չեն ներշնչում, անտարբեր է ընտանիքի անդամների նկատմամբ, ուշ է վերադառնում տուն, լավ չի սնվում, երբեմն ցուցաբերում է տարօրինակ վարք, արտահայտում է անիմաստ մտքեր։ Վերջերս նկատել եք, որ տնից իրեր են անհետացել։  Ինչպես պարզել արդյո՞ք նա չի գործածում թմրամիջոցներ։

Պատասխան

Հնարավորության դեպքում կարելի է համոզել նրան այցելել նարկոլոգի խորհրդատվության կամ դիմել տոքսիկոքիմիական լաբորատորիա՝ բիոմիջավայրի փորձանմուշ հանձնելու, որի արդյունքում կպարզվի թմրամիջոցների առկայությունը նրա օրգանիզմում։

36․ Հարց

Երկար տարիներ չարաշահում եմ ափիոնային թմրամիջոցներ։ Երկու անգամ բուժվել եմ նարկոլոգիական կենտրոնում, սակայն կրկին սկսել եմ օգտագործել թմրամիջոցներ։ Տառապում եմ նաև շաքարային դիաբետով, որի համար ստանում եմ դեղորայք։ Ցանկանում եմ դիմել մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր։ Արդյո՞ք հակացուցում չէ շաքարային դիաբետը։

Պատասխան

Մեթադոնի պերօրալ  լուծույթները և օշարակները հաճախ պատրաստում են շաքարի հիմքի վրա, որի ընդունումը շաքարային դիաբետով հիվանդների մոտ կարող է մետաբոլիկ պրոցեսների խանգարումներ առաջացնել։ Այդ պատճառով դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել շաքար չպարունակող դեղահաբեր և օշարակներ։ Անհրաժեշտության դեպքում բուժման ընթացքում կարելի է կազմակերպել էնդոկրինոլոգի խորհրդատվություն։

37․ Հարց

Ինչպե՞ս վարվել հերոինով գերդոզավորման ժամանակ։ Կարելի՞ է տնային պայմաններում օգնություն ցույց տալ։

Պատասխան

Հերոինով գերդոզավորման ժամանակ նկատվում է շնչառական ֆունկցիայի ընկճում, զարկերակային ճնշման անկում, սրտի զարկերը թուլանում են, պուլսը դժվարությամբ է շոշափվում, կարող է լինել փսխում, դիտվում է բբերի խիստ նեղացում, լուսային ռեակցիան թուլացած, շուրթերը ցիանոտիկ երանգավորմամբ, հիվանդները քնկոտ են, խոսքը դժվարացած, անհասկանալի։ Այս ախտանիշները խոսում են հիվանդի ծայրահեղ ծանր վիճակի մասին և սահուն կարող են անցնել կոմայի։ Գերդոզավորումները հաճախ են հանդիսանում թմրամոլների մահվան պատճառ։ Մահը վրա է հասնում շնչառական կենտրոնի ընկճման հետևանքով շնչառության կանգից, ինչպես նաև փսխման մասսաներով շնչառական ուղիները փակվելու հետևանքով։

Գերդոզավորման կասկածի դեպքում պետք է պարտադիր հրավիրել  շտապօգնության բրիգադա մասնագիտացված օգնություն ցույց տալու համար, իսկ մինչ նրա գալը պետք է ազատել հիվանդի շնչառական ուղիները, ապահովել այնպիսի դիրք, որ նպաստի հիվանդի շնչառությանը, անընդհատ խոսել հիվանդի հետ, թույլ չտալ, որ նա քնի։

38․ Հարց

Ի՞նչ խորհուրդ կտաք հղի կնոջը, որը ցանկանում է պահպանել հղիությունը, սակայն երկար տարիներ չարաշահում է ափիոնային թմրամիջոցներ և ոչ մի կերպ չի կարողանում զերծ մնալ դրանցից։

Պատասխան

Մայրությունը յուրաքանչյուր կնոջ իրավունքն է։ Յուրաքանչյուր դեպք ունի անհատական մոտեցում։ Հղիության ընթացքը պետք է հսկվի նարկոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ համատեղ։ Նման դեպքում կարելի է կնոջը ներգրավել մեթադոնային փոխարինող բուժման ծրագիր, որը հնարավորություն կտա բացառել  ապօրինի օփիոիդների գործածումը, բարեփոխելու կենսակերպը, բարելավելու հղիության ընթացքը։ Բացի այդ հետազոտությունները ցույց են տվել , որ մեթադոնը ավելի նվազ ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, քան մյուս ափիոնային թմրամիջոցները։

39․ Հարց

Նախապես կեֆիր, կվաս կամ ոչ ալկոհոլային գարեջուր գործածած լինելու դեպքում սթափությունը որոշելու արդյունքում հնարավո՞ր է ստացվի դրական պատասխան և ճանապարհային ոստիկանության հետ առաջանան խնդիրներ։

Պատասխան

Նշված մթերքները պարունակում են չնչին քանակությամբ սպիրտ։ Հետևաբար սթափության վիճակի զննություն կատարելիս թույլատրելի սահմանը գերազանցելու համար պետք է տվյալ ըմպելիքներից հսկայական քանակությամբ գործածել (որը քիչ հավանական է) նման խնդիրներ ունենալու համար։

40․ Հարց

Որքա՞ն ժամանակահատվածում է օրգանիմզը մաքրվում ալկոհոլից։

Պատասխան

Ալկոհոլի դուրս բերումը օգանիզմից խիստ անհատական է և կախված է մարմնի քաշից, օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, լյարդի վիճակից, գործածած ալկոհոլային խմիչքի տեսակից և քանակից։ Պետք է հիշել, որ եթե Դուք գործածել եք նույնիսկ մեկ շիշ գարեջուր(0,5պրոմիլ) աղավաղվում է շարժվող առարկաների ընկալումը և մեքենան խորհուրդ է տրվում վարել, ոչ շուտ 5-6 ժամ հետո։

41․ Հարց

Հնարավո՞ր է հիվանդի բուժումը կազմակերպել տնային պայմաններում, երբ նա արդեն 5 օր է գտնվում է հերթական «запой»-ի շրջանում, և չի ցանկանում դիմել ստացիոնար, քանի որ դեռ իրեն հիվանդ չի համարում։

Պատասխան

Նարկոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդը կարող է ստանալ բուժում տնային պայմաններում՝ վճարովի հիմունքներով, սակայն միմիայն իր համաձայնությամբ։

42․ Հարց

Ազդու՞մ է ալկոհոլը ժառանգականության վրա։

Պատասխան

Ալկոհոլը կործանարար ազդեցություն ունի քրոմոսոմային մակարդակի վրա, որն էլ կարող է փոխանցվել սերունդներին։ Պրակտիկ բժշկությունը հաճախ է հանդիպում քրոմոսոմային մուտացիաների, ալկոհոլ չարաշահող ծնողների սերնդում։

43․ Հարց

Բազմիցս փորձել եմ դադարեցնել ծխախոտի չարաշահումը, սակայն փորձերս եղել են ապարդյուն։ Հնարավո՞ր է դիմել մասնագետի օգնությանը և անհրաժեշտ է արդյոք դեղորայքային բուժում։

Պատասխան

Ծխախոտամոլությունը, ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման համարվում է կախվածություն, որի բուժումը կարելի է կազմակերպել նարկոլոգիական կենտրոնում ամբուլատոր կերպով՝ վճարովի հիմունքներով։ Բուժման կուրսը կընտրվի անհատական։

44․ Հարց

Հնարավո՞ր է շտապօգնությամբ տեղափոխել ալկոհոլիզմով տառապող հիվանդին նարկոլոգիական կենտրոն, որը 3-4 օր է չի գործածում ալկոհոլային խմիչքներ, լարված է, անհանգիստ, ընդհանրապես չի քնել, ցուցաբերում է տարօրինակ վարքագիծ, լսում է ձայներ։ Հիվանդը կորցրել է իր անձնագիրը։

Պատասխան

Շտապօգնության հոգեբուժական բրիգադան կարող է ուղեգրել և կազմակերպել հիվանդի տեղափոխումը նարկոլոգիական կենտրոն, որտեղ զրկանքի համախտանիշի կամ սուր հոգեկան խանգարման առկայության դեպքում կկազմակերպվի հիվանդի ընդունելությունը անհետաձգելի հիմունքներով։ Անհետաձգելի ընդունելության ժամանակ պարտադիր չէ ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի, հիվանդի կամ նրա խնամակալի գրավոր դիմումի և բժիշկ-նարկոլոգի ուղեգրի առկայությունը։ Անհետաձգելի վիճակից դուրս գալուց հետո բուժումը շարունակելու համար հիվանդը պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիություն հաստատող փաստաթուղթ և գրավոր դիմում։

45․ Հարց

Ընտանիքում տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո տառապում էի անքնությամբ, լարված էի, անհանգիստ, ունեի վախի տագնապի զգացում։ Խորհուրդ տվեցին գործածել կորվալոլի կամ վալոկարդինի կաթիլներ, որոնք երկար տարիներ սիստեմատիկ կերպով գործածում եմ։ Սկզբնական շրջանում ազդեցությունը դրական էր, վերացել էր տագնապի, անհանգստության զգացումը, կարգավորվել էր քունս, սակայն աստիճանաբար սկսեցի ավելացնել դեղաչափերը վերը նշած ազդեցությունը ստանալու համար, այժմ խմում եմ 8-9 սրվակ օրական։ Դադարեցնելու դեպքում ինքնազգացողությունս վատանում է։ Արդյո՞ք սա կախվածություն է։

Պատասխան

Կորվալոլի/վալոկարդինի կազմում կա ֆենոբարբիտալ, որը պատկանում է քնաբերների շարքին և սիստեմատիկ գործածումը կարող է հանգեցնել տոլերանտության բարձրացման, հոգեկան և ֆիզիկական կախյալության առաջացման։ Նարկոլոգիական կենտրոնում կկազմակերպվեն ախտորոշման և բուժման հարցերը, որը տվյալ դեպքում խորհուրդ է տրվում անց կացնել ստացիոնար պայմաններում։

46․ Հարց

Ամուսինս զբաղվում է խաղամոլությամբ երկար տարիներ։ Ոչ մի կերպ չի կարողանում զերծ մնալ այս չարիքից։ Կարո՞ղ է դիմել խորհրդատվության և ի՞նչ կարգով։

Պատասխան

Խաղամոլությունը հիվանդագին վիճակ է, որը արտահայտվում է հոգեբանական անզուսպ հակվածությամբ խաղերի նկատմամբ և որպես հետևանք բերում է անձի էմոցիոնալ, վարքային խանգարումների և դեպրեսիաների։ Կարող եք դիմել խորհրդատվության  և անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի բուժման անհատական մոտեցում ամբուլատոր կարգով։