Ալկոհոլամոլություն

ԻՆՉ Է ԱԼԿՈՀՈԼԸ

         alkohol1 Ալկոհոլը ոգելից խմիչքների հարբեցնող մասը հանդիսացող հոգեներգործուն նյութ է։ Ալկոհոլային խմիչքները լայնորեն կիրառվում են հանդիսությունների ժամանակ (ծննդյան տոներ, ամանոր և այլն)։

Ալկոհոլի օգտագործումը ընդունված է նաև ընտանիքների մեծ մասում, սակայն ալկոհոլը իրենից ներկայացնում է հզոր  հոգեներգործուն նյութ, որը կարող է առաջացնել տարբեր հետևանքներ և կախվածություն։

Ալկոհոլի չարաշահումը բազմաբնույթ խնդիր է։ Տարբերվում է չարաշահման 3 փուլ.

1. «Կանոնավոր ալկոհոլային հարբեցումն է», որի հետևանքով մարդը կարող է վնաս հասցնել իր ֆիզիկական և հոգեկան առողջությանը,

2. Մարդն արդեն իսկ վնասած է լինում իր առողջությանը, սակայն դեռ կախվածություն առաջ բերած չի լինում,

3. Ալկոհոլամոլությունն է ՝ ոգելիչ խմիչքների հանդեպ անզուսպ հակում։

Ալկոհոլի չափավոր օգտագործումը գրեթե ոչ մի ազդեցություն չի թողնի Ձեր օրգանիզմի վրա, սակայն երբ չարաշահում եք հետևանքները կարող են անդառնալի լինեն։

ԱԼԿՈՀՈԼԻԶՄ

Ալկոհոլիզմը (խրոնիկական ալկոհոլիզմ, քրոնիկական ալկոհոլային ինտոքսիկացիա, ալկոհոլային կախվածություն, էթիլիզմ) հարաճուն քրոնիկական ռեմիսիաներով և ռեցեդիվներով ընթացող հիվանդություն է, որի հիմնական ախտանիշն է սպիրտային խմիչքների հանդեպ ախտաբանական հակումը։

Այս հիվանդության ընթացքում կարող են զարգանալ տարբեր փսիխոտիկ, մարմնական և նյարդաբանական խանգարումներ, հոգեկան և սոցիալական դեգրադացիա։

Ալկոհոլիզմի տիպիկ դրսևորումներից են՝

1 ախտաբանական հակումը ալկոհոլի նկատմամբ,

2 ալկոհոլի նկատմամբ տոլերանտության փոփոխումը,

3 ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը,

4 ալկոհոլային ամնեզիան,

5 ալկոհոլ օգտագործելու ձևերի փոփոխությունը,

6 հիվանդության գիտակցման ձևերի փոփոխությունը,

7 անձի փոփոխությունը։

Ախտաբանական հակում ալկոհոլի նկատմամբ։

Ալկոհոլիզմի սկզբնական փուլերում ալկոհոլի հանդեպ դրսևորվող հակվածությունը կրում է իրավիճակային բնույթ և առաջանում է այն իրավիճակներում, որոնք, սովորաբար, բոլորի մոտ ենթադրում են և թելադրում են խմիչքի գործածում։

Ալկոհոլիզմը ձևավորվում է աստիճանաբար՝ սպիրտային խմիչքների տևական չարաշահման ֆոնի վրա։

Ի տարբերություն ալկոհոլի չափավոր օգտագործման, ախտաբանական հակման ժամանակ ալկոհոլի գործածումը դառնում է ինքնանպատակ՝ հարբածության հասնելու միակ ճանապարհ։ Ախտաբանական հակման ախտանիշները բավականին բազմազան են և փոփոխական։

Հակումը կլանում է անհատի բոլոր մտքերն ու հետաքրքրությունները, հիշողություններն ու պատկերացումները, պայմանավորում է նրա վարքը, համակրանքներն ու հակակրանքները, մարդկային արժանապատվության գնահատականները և այլն: Հակվածությունը դառնում է սկզբունքների համակարգ:

Նրանց մոտ խմիչքի օգտագործումն ուղեկցվում է ընդգծված ակտիվությամբ, տրամադրության բարձրացումով և հնարավոր խոչընդոտների հաղթահարումով։

Հաջորդ փուլում այս հիվանդներն արդեն իրենք են փնտրում կամ իրավիճակներ ստեղծում, դեռևս կարողանում են իրենց «չափի մեջ պահել» և էքցեսներ թույլ չեն տալիս (բնորոշ է ալկոհոլիզմի երկրորդ փուլին)։

Հետագայում հակվածությունը դառնում է անհաղթահարելի, հիվանդները «կորցնում են չափը», անտեսում են բոլոր բարոյական և էթնիկական նորմերը, միայն թե բավարարեն  իրենց ալկոհոլային «ծարավը կամ քաղցը»։ Բնորոշ է ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերին։

Ալկոհոլի նկատմամբ տոլերանտության փոփոխումը։

          Ալկոհոլի նկատմամբ տոլերանտության փոփոխումը կախված է ալկոհոլիզմի փուլերից և դրսևորվում է տարբեր ձևերով։ Հիվանդության սկզբում տոլերանտությունն ալկոհոլի նկատմամբ աստիճանաբար աճում է և արտահայտվում է նրանով, որ ալկոհոլի նախկին քանակը որևէ արդյունք չի տալիս և հիվանդները հետզհետե ավելացնում են օգտագործվող  խմիչքի քանակը, որին զուգահեռ մարում է պաշտպանական բնույթ կրող փսխման ռեֆլեքսը։ Երբեմն հիվանդներն անցնում են ավելի թունդ խմիչքների։

Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը։

          Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշը ալկոհոլիզմի երկրորդ փուլին ամենաբնորոշ և հավաստի դրսևորումն է։ Այն արտահայտվում է հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական խանգարումներով։ Ալկոհոլային աբստինենցիայի համախտանիշի հիմնական նշանն այն է, որ նախորդ ալկոհոլային թունավորումից առաջացած խանգարումները թեթևանում կամ լրիվ անցնում են ալկոհոլի որոշալի քանակ օգտագործելուց հետո։

Ալկոհոլային ամնեզիա։

          Ընդունված է առանձնացնել ամնեզիայի հետևյալ տեսակները՝

ü  նարկոտիկ ամնեզիայի ախտանիշ՝ գինարբուքի վերջին փուլի իրադարձությունների մոռացում։ Առաջանում է դրվագային ձևով, միայն ալկոհոլի մեծ քանակի ազդեցության ներքո։ Բնորոշ է ալկոհոլիզմի առաջին փուլին։

ü  Լակունար ամնեզիայի ախտանիշ՝ գինարբուքի ողջ ընթացքի առանձին դրվագների մոռացում։ Նույնպես առաջանում է ալկոհոլի մեծ քանակից։ Դիտվում է ալկոհոլիզմի երկրորդ և երրորդ փուլերում։

ü  Տոտալ ամնեզիայի ախտանիշ՝ մոռացվում է գինարբուքի և հարբածության ողջ շրջանը (կամ մեծ մասը)։ Առաջանում է ալկոհոլի չնչին քանակներից։ Դիտվում է ալկոհոլիզմի երրորդ փուլերում։

Անձի փոփոխությունները։

Անձի փոփոխությունը դասական հոգեբուժության մեջ դիտվում են որպես «ալկոհոլային թուլամտություն», «ալկոհոլային հոգեկան դեգրադացիա»։

Այն ընդգրկում է բարոյաէթիկական, սոցիալ-հոգեբանական և ինտելեկտուալ իջեցումը։ Սրանց ձևավորմանը նպաստում են մի շարք գործոններ՝ ալկոհոլային թունավորումը, կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները, ալկոհոլիզմին ուղեկցող մշտական հոգեբանական և իրավիճակային ընդհատումները, մարմնական հիվանդությունները, գլխուղեղի օրգանական ախտահարումները։ Ալկոհոլի հարաճուն զարգացման հետ զուգահեռ այս խանգարումներն ավելի են ընդգծվում և խորանում։

Ալկոհոլիզմի ախտադադարն ու ախտադարձը։

          Ինքնաբերական ախտադադար հանդիպում է, հիմնականում, ալկոհոլիզմի առաջին փուլում։ Հետագայում դրանք եզակի բացառություններ են։ Իրական ախտադադար լինում է միայն բուժումից հետո։ Սակայն թերապևտիկ ախտադադարը պետք է չշփոթել և հավասարեցնել առողջացմանը, քանի որ անգամ տարիներ անց ալկոհոլի ամենաչնչին գործածումից հետո ախտաբանական հակումը ալկոհոլի հանդեպ կարող է «արթնանալ»։

          Ալկոհոլ չօգտագործելը ախտադադարի պահպանման անհրաժեշտ պայման է։

          Ռեմիսիայի կայունության, հետևաբար՝ նաև տևողության վրա ազդում են մի շարք գործոններ։ Հավասար պայմաններում տղամարդկանց ախտադադարն ավելի կայուն է։ Ախտադադարն էականորեն ավելի կայուն է 30-55 տարեկաններում։

Հակաալկոհոլային տևական (3 ամիս) բուժումն ավելի կայուն ախտադադարի է բերում, քան կարճատև բուժումը (1 ամիս)։

Պահպանողական բուժումն ավելի է ամրացնում ախտադադարը։ Կարևոր նշանակություն ունի անձնային գործոնը՝ կյանքի արժեքներն ու կողմնորոշումները, վերաբերմունքը երևույթի և նրա բուժման հանդեպ։ Շատ կարևոր են ընտանեկան և սոցիալական գործոնները՝ մտերիմների և շրջապատի վերաբերմունքը, կրթական և մասնագիտական որակավորումը և այլն։

Ռեցիդիվների պատճառները դասվում են երկու խմբի՝ արտաքին և ներքին։ Արտաքին (նույնն է՝ միջավայրի) պատճառներից են նախկին բաժակակիցների ազդեցությունները, հարազատների վարքը, հիվանդի սխալ դիրքորոշումները։ Ներքին պատճառները հիմնականում կենսաբանական բնույթ ունեն։

Ալկոհոլային դելիրիում։

          Ալկոհոլային դելիրիումը ամենատարածված ալկոհոլային փսիխոզն է (դեպքերի 80%)։ Այն առաջանում է հարբելու էպիզոդից 3-7 օր հետո արտահայտված զարթխումային խանգարումների ֆոնի վրա։ Սկիզբն ուղեկցվում է պատրանքներով, վառ պատկերացումներով, որոնք ավելի են ուժեղանում երեկոյան և գիշերային ժամերին։ Հիվանդների թեթև տագնապայնությունը, կախված պատրանքների բովանդակությունից, կարող է փոխվել անհանգստության, գրգռվածության։ Հիվանդության հետագա զարգացման դեպքում պատրանքները վերաճում են տեսողական, երբեմն՝ լսողական ցնորքների։

          Ալկոհոլիզմին բնորոշ են հիմնականում շարժուն և բազմազան մանր, գորշ կանաչավուն կամ վատ գունեղ և վառ երանգավորված տեսիլքներ՝ մրջյուններ, միջատներ, մանր կենդանիներ, օձեր, սարդոստայն, լարեր և այլն։ Երբեմն տեսնում են ավելի մեծ կենդանիներ։

          Տեսիլքները մոտենում են կամ հեռանում, փոխվում են իրենց չափերում։ Հնարավոր են համի և հոտի, ինչպես նաև տակտիլ ցնորքներ, «մարմնի սխեմայի» փոփոխություններ։ Այդ ամենը բարդանում է երկրորդային զգացողական զառանցանքներով՝ հետապնդման, խանդի։

Ալկոհոլային հալյուցինոզ։

          Ալկոհոլային հալյուցինոզն իր հաճախականությամբ դելիրիումից հետո երկրորդն է։ Սրանք փսիխոզներ են գերազանցապես լսողական ցնորքներով, դրանցով պայմանավորված զառանցանքներով և համապատասխան աֆեկտիվ խանգարումերով (F 105)։ Հալյուցինոզներն, ըստ ընթացքի, բաժանվում են երեք խմբի՝ սուր, ենթասուր և քրոնիկական։

                Սուր հալյուզինոզը, մեծ մասամբ, սկսում է զարթխումի ֆոնի վրա, հիմնականում երեկոյան կամ գիշերը։ Հետագայում սրանք ձևափոխվում են վերբալ ցնորքների։ Սկզբում դրանք չեզոք բնույթի են և ընթանում են առանց քննադատական վերաբերմունքի։ Հետագայում դառնում են բազմակի, փոխվում է բնույթը՝ լսում են մեղադրող, դատապարտող, սպառնացող ձայներ՝ կապված հիվանդի անցյալի և ներկայի հետ։

          Վերբալ ցնորքների բովանդակությունը բավականին փոփոխական է, սակայն միշտ կապված է հիվանդի կյանքի իրական հանգամանքների և իրադարձությունների հետ։ Հարբեցողության և դրա հետևանքների թեման մշտական է։

Ցնորքների բազմազանությունը, թեմատիկ բովանդակությունը կարևոր ախտորոշիչ և տարբերակիչ չափանիշներ են։ Ձայները կարող են այնքան պատկերավոր ու արտահայտիչ լինել և այնքան շատ, որ հիվանդները հայտնվում են ստուպորոզ կամ սուբստուպորոզ վիճակում (հալյուցինատոր ստուպոր)։ Փսիխոզի առաջին իսկ փուլում սկսում են ձևավորվել զառանցանքներ (հետապնդման, մեղադրման, ֆիզիկական ոչնչացման և այլն)։

Հալյուցինատոր զառանցանքի բովանդակությունը լիովին բխում է ցնորքներից։ Այս ամենն ուղեկցվում է արտահայտված վախի, տագնապի, հուսահատության աֆեկտով, ինչպես նաև՝ շարժողական գրգռվածությամբ։ Հիվանդները կարող են զբաղվել ինքնապաշտպանությամբ, դիմել ոստիկանություն կան դատախազություն, որոշ դեպքերում դիմում են հասարակության համար վտանգավոր գործողությունների, չեն բացառվում ինքնասպանության փորձեր։

Սուր փսիխոզի տևողությունը 1 ամիս է։ Այն անցնում է, սովորաբար, կրիտիկական ձևով, խոր քնից հետո։ Հնարավոր է նաև խանգարումների աստիճանական հետաճ։ Սուր ալկոհոլային հալյուցինոզը որոշ դեպքերում ընթանում է նաև այլ ձևով՝ վերբալ հալյուցինոզը կարող է ուժեղանալ  երեկոյան քուն մտնելուց առաջ, հալյուցինոզը կարող է զուգակցվել դելիրիումի կամ օնեյրոիդի հետ, ինչպես նաև՝ հոգեկան ավտոմատիզմի, արտահայտված դեպրեսիայի հետ։

Ենթասուր հալյուցինոզն ավելի տևական է՝ 1-6 ամիս։ Սրա սկիզբը լիովին համընկնում է տիպիկ սուր փսիխոզի հետ, որը հետագայում բարդանում է դեպրեսիվ խանգարումներով։

Քրոնիկական հալյուցինոզը կազմում է դեպքերի ընդամենը 5%-ը։ Սրա յուրահատկությունն այն է, որ հիվանդներն աստիճանաբար «հարմարվում են» ձայներին, համակերպվում դրանց հետ։ Վերջիններս նույնիսկ չեն խանգարում հիվանդներին, նրանց առօրյա և մասնագիտական գործունեությանը։ Հիվանդության գիտակցումը պահպանված է։

Ալկոհոլային պարանոիդ։

          Ալկոհոլային պարանոիդը ալկոհոլային փսիխոզներից ամենահազվադեպն է; Զառանցանքի բովանդակությունից կախված առանձնացվում են ալկոհոլային պարանոիդ և ալկոհոլային խանդի զառանցանք (F 105)։

Ալկոհոլային պարանոիդը առաջանում է գերանզացապես զարթխումի ժամանակ։ Հանկարծակի, առանց որևէ մտորումների և կասկածների հիվանդներին համակում է համոզվածություն, որ իրենց անհապաղ պետք է ոչնչացնեն։

          Շրջապատի յուրաքանչյուր մարդ ընկալվում է որպես թշնամի, որոնց նրանք ուշի ուշով հետևում են՝ շարժումներին, միմիկային, խոսքերին, գործողություններին։

          Յուրաքանչյուր քայլում մահափորձի վտանգ են տեսնում։ Աճում են վախն ու տագնապը։ Հիվանդների բոլոր գործողությունները միայն փրկվելուն են ուղղված։ Փախչելով վտանգից՝ նրանք կարող են թուրս թռչել ընթացող տրանսպորտից, թաքնվել, բաց պատուհանից կամ պատշգամբից վայր ցատկել, ապաստան խնդրել ոստիկանությունում։ Հիվանդները որոշ դեպքերում, ինքնապաշտպանության նպատակով, կարող են հարձակվել ենթադրյալ թշնամիների վրա։ Տևողությունը մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ է։

Ալկոհոլային էնցեֆալոպաթիա։

          Ալկոհոլային էնցեֆալոպաթիան, հիմնականում, զարգանում է ալկոհոլիզմի երրորդ փուլում, մարմնական և նյարդաբանական խանգարումների ֆոնի վրա, ալկոհոլի տևական ամենօրյա չարաշահման կամ գինարբուքների պայմաններում։ Այս շարքի խանգարումներից ուշադրության են արժանի սուր էնցեֆալոպաթիան կամ Հայե-Վերնիկեի էնցեֆալոպաթիան և քրոնիկական էնցեֆալոպաթիան կամ կուրսակովյան փսիխոզը։

          Հայե-Վերնիկեի էնցեֆալոպաթիան սկսվում է դելիրիումից հետո՝ արտահայտված տագնապային աֆեկտով։ Հիվանդը հիմնականում գամված է անկողնուն, կատարում է ստերեոտիպ շարժումներ, միօրինակ բացականչություններ և ձայներ է հանում, ինչ-որ բան փնթփնթում։ Արտաքուստ վիճակը նման է գիտակցության ամենտիվ խանգարման։ 5-7 օր անց կլինիկական պատկերը փոխվում է՝ առաջանում է գիտակցության խանգարում՝ մեծ մասամբ սոմնոլենցիայի աստիճանի, ծանր դեպքերում հնարավոր է սոպոր և կոմա։

ԱԼԿՈՀՈԼԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

          Անկախ այն բանից, թե ինչ տարիքի, սեռի կամ ազգության եք պատանում հնարավոր չէ խուսափել այն խնդիրներից, որ առաջ են գալիս հարբելու հետևանքով:

ՈՒՂԵՂ: Էթանոլը` ալկոհոլային խմիչքների մեծ մասում առկա միացությունը, նյարդատոքսին է (կարող է վնասել կամ քայքայել նյարդային համակարգը)

Հարբածությունը թունավորման ձև է: Մեծ քանակությամբ էթանոլը կարող է մարդուն գցել կոմայի մեջ: Մարդկային օրգանիզմը էթանոլը վերածում է անվտանգ նյութերի, սակայն այդ պրոցեսը տեղի չի ունենում միանգամից, իսկ երբ ալկոհոլի ընդունումը կրում է պարբերաբար բնույթ օրգանիզմը չի հասցնում վնասազերծել և տեղի է ունենում էթանոլի կուտակում, իսկ դա բացասաբար է ազդում ուղեղի գործունեության վրա: Ալկոհոլամոլությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ ուղեղն առանց ալկոհոլի չի կարողանում նորմալ գործել: Օրգանիզմը իր հավասարակշռությունը պահպանելու համար սկսում է ալկոհոլ պահանջել: Ալկոհոլը հանգեցնում է բջիջների ապաճման և քայքայման, փոխում է ուղեղի կառուցվածքը:

ԼՅԱՐԴԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մարդիկ լյարդի կարևորությունը թերագնահատելու հակում ունեն: Լյարդը անգնահատելի դեր է խաղում սննդի մարսման, արյան շրջանառության կարգավորման, օրգանիզմից թունավոր նյութերի (այ թվում` ալկոհոլ) հեռացման գործում:

Ալկոհոլային խմիչքների երկարատև չարաշահումն ահռելի մեծ վնաս է հասցնում լյարդին: Էթանոլի քայքայումը դանդաղեցնում է ճարպերի մարսումը, դրանք սկսվում են կուտակվել լյարդում: Ժամանակի ընթացքում առաջ է գալիս լյարդի քրոնիկական բորբոքում` հեպատիտ:

Այն իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Եթե բորբոքային պրոցեսը  չբուժվի, բջիջները կքայքայվեն և կմահանան:  Ի վերջո լյարդը կարծրանում է, սկսում է սպիանալ, ինչը խոչընդոտում է արյան նորմալ հոսքը, որը հանգեցնում է լյարդային անբավարարության և նույնիսկ մահվան:

ՍԻՐՏ: Հայտնի է, որ մի բաժակ կարմիր գինին իր հակաօքսիդանտների հաշվին կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման բերել, սակայն եթե մեկ բաժակը ժամանակի ընթացքում 1 շիշ դառնա, կարող է անդառնալի հետևանքներ թողել: Այն կթուլացնի սրտի մկանները  և արյան շրջանառության խանգարման պատճառ կդառնա: Սիրտը սկսում է ընդլայնվել ու սեղմվել (կարդիոմիոպաթիա): Այն ընդհատվող շնչառությամբ, սրտի առիթմիայով է զուգորդվում: Կարող է հանգեցնել սրտի կաթվածի, ինսուլտի և հիպերտենզիայի հանգեցնել:

ԵՐԻԿԱՄՆԵՐ: Ալկոհոլի ազդեցությամբ օրգանիզմը մեծ քանակությամբ մեզ է արտադրում, ինչը կարող է հանգեցնել երիկամների աշխատանքի խանգարման: Դրա հետևանքով երիկամները դժվարությամբ են օրգանիզմում հեղուկների հոսքի բաշխումը կարգավորում: Հնարավոր է էլեկտրոլիտների անհավասարակշռություն առաջանա:

ՀԱՐԲԵՑՈՂ ՄԱՐԴՈՒ ՀՈՒԶԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ

          Ալեկսիտիմիա, սա սեփական զգացմունքներն արտահայտելու անկարողությունն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ սա հատուկ է ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց:

Երբ մարդն սկսում է ալկոհոլ կամ թմրանյութերի օգտագործել, կանգ է առնում իր հասունացման և հոգևոր զարգացման մեջ։

Ամաչկոտ, քչախոս մարդիկ ալկոհոլի ազդեցությամբ սկսում են շատախոսել, ակտիվանում են, անում են բաներ, որոնք երբեք չէին անի սթափ վիճակում:

Հարբած վիճակում արտահայտված հույզերն ու ապրումները կարող են այդքան էլ համապատասխան չլինել այդ իրավիճակին, հավանական է, որ նա արտահայտում է իր վաղուց ճնշված ապրումները: Սթափ վիճակում հարբեցողը կարող է չարտահայտել իր հույզերը, քանի որ չգիտի ինչպես դա անել:

Պահանջվում է աշխատանք, հմտություններ, ջանքեր, որպեսզի մարդը կարողանա ապրել և արտահայտել իր զգացմունքները: Հարբեցողը չի ղեկավարում իր վաղուց ճնշված ապրումները: Իրականում նա բարկացած է ոչ թե շրջապատող մարդկանց վրա, այլ հենց իր վրա:

 

ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄԸ

          Մեղքի զգացումը հարբեցողի հիմնական զգացմունքներից է, որն ուղեկցում է նրան ամբողջ կյանքում։

          Հարբեցողը չի սիրում իր մեջ  հարբած մարդուն։ Հարբելուց հետո հարբեցողը, մեղքի զգացումից դրդված, կարող է կես օրում անել այն ամբողջ աշխատանքը, ինչը նախկինում անում էր մեկ ամբողջ օրվա ընթացքում։

Հարբելուց հետո մեղքի զգացումն ավելի է ուժեղանում, և նա խոստանում է թողնել խմելը։ Այդ ժամանակ նրան ավելի հեշտ է համոզել գնալ բժիշկ-թմրաբանի մոտ։ Երբ մարդը մեղավորություն է զգում նրան հեշտ է կառավարելը։ Դա լավ գիտեն հարբեցողներին վերահսկող կանայք։   

          Հարբեցողը չի կարող տանել ցավը, իսկ մեղքի զգացումը ցավոտ է, և նա նորից հարբում է, հետո էլ իրեն ավելի ու ավելի մեղավոր զգում։ Վերոնշյալ հոգեբանական առանձնահատկությունները հատուկ են ոչ բոլոր հիվանդներին։

          Այս հոգեբանական առանձնահատկությունները կարող են դրսևորել նաև այն մարդիկ, ովքեր երբեք չեն չարաշահում ալկոհոլը, պարզապես հարբեցողների շրջանում այս առանձնահատկությունները ավելի հաճախ են հանդիպում, քան մյուսների։ Սրանք հաճախ են հանդիպում նաև թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում։ Վերջինները, սակայն, զարգացման խանգարումներ են ունենում, հոգեբանորեն հասուն չեն, ինֆանտիլ են, և նրանց հոգեբանական պատկերը շատ ավելի խաթարված է, քան հարբեցողներինը։

 

ԳԱՐԵՋՈՒՐ

          Այսօր շատերն են գարեջուր օգտագործում՝ չիմանալով, որ գարեջրի շիշը պարունակում է 50-60գրամ օղի։ Օրական 4 շիշ և 200-300 գրամ՝ գրեթե կես շիշ օղին մտնում է օրգանիզմ։

Գարեջուրն անվնաս չէ։ Գիտնականները պարզել են, որ ալկոհոլային խմիչքների շարքում չկան անվնասները։

Հենց այս փաստից ելնելով՝ գարեջրի արտադրությամբ զբաղվողները գովազդում են իրենց արտադրանքը՝ ցանկանալով բարձրացնել գնողականությունը։ Նրանք նշում են, որ գարեջուրը ոչ ալկոհոլային կամ թույլ ալկոհոլային խմիչք է, այսինքն՝ անվնաս է։ Սա այն դեպքում, երբ վերջին տարիներին ալկոհոլի առկայությունը գարեջրում հասնում է 14%-ի։ Վատթարագույն է դրությունը էներգետիկ կոկտեյլներում։ Այս խմիչքներում սպիրտային մասին ավելացվում է նաև կոֆեին՝ մեկ շշում 4 բաժան թունդ սուրճի չափով։

ԳԱՐԵՋՐԱՅԻՆ ԱԼԿՈՀՈԼԻԶՄ

Այս հիվանդությունը հայտնի է դեռ վաղուց։ Թեպետ մեզ թվում է, որ գարեջրային ալկոհոլիզմ այնքան էլ վնասակար չէ, քան գինունը, օղունը, սակայն հետևանքները անմխիթարական են։

19-րդ դարում անգլիացիները պայքարում էին ալկոհոլիզմի դեմ, իսկ արտադրությամբ զբաղվողները որոշեցին թունդ խմիչքները թաքցնել գարեջրի անվան տակ, որն էլ ավելի խորացրեց ալկոհոլիզմը։ Բիսմարկը հետևյալ բնորոշումն է տվել գարեջրային ալկոհոլիզմինգարեջրից են դառնում թեթևամիտ, հիմար և անուժ։

 

ԳԱՐԵՋՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԻՐՏ, ՀՈՐՄՈՆՆԵՐ

Ոչ խելամիտ գարեջրի քանակություն օգտագործելու հետևանքներից  է հիվանդ սիրտը։ Այն արտահայտվում է սրտի անոթների լայնացմամբ և պատերի հաստացմամբ։ Հայտնի է, որ այս փոփոխություննները կապված են գարեջրում առկա կոբալտով, որն օգտագործվում է որպես ստաբիլիզատոր։ Գարեջրում տոքսիկ՝ թունավոր էլեմենտների օգտագործման խելամիտ չափը գերազանցում է 10 անգամ։

Գարեջուր օգտագործողների մոտ կոբալտը նաև ստամոքսում և կերակրափողում առաջացնում է բորբոքային պրոցեսներ։ Կան նաև այլ գործոններ, որոնք գարեջրային ալկոհոլիզմի դեպքում վնասում են սրտի աշխատանքը։ Դա առաջին հերթին գարեջրի մեծ քանակության օգտագործումն է, ինչպես նար գարեջրի հագեցվածությունն է ածխաթթու գազով։ Ընկնելով օրգանիզմ՝ գարեջուրն արագ խցանում է արյունատար անոթները։ Դա բերում է երակների լայնացման՝ վարիկոզի։ Դրանից էլ առաջանում է «գարեջրային սրտի սինդրոմը», երբ սիրտը մեծանում է չափերով, լինում է շատ հանգիստ, և արյունը դժվարությամբ է շրջանառություն կատարում։

Գարեջուրը վատ է անդրադառնում  նաև մարդու հորմոնների վրա։ Այն պարունակում է մի շարք թունավոր նյութեր, ինչպես նաև ծանր մետաղական աղեր, որոնք առաջացնում են էնդոկրին համակարգի խախտումներ։ Այսպես, տղամարդու օրգանիզմում մշտապես սկսում են արտադրվել  նյութեր, որոնք ճնշում են տղամարդկային սեռական հորմոնների՝ տեստոստերոնի առաջացմանը։ Գարեջուրը պարունակում է ֆիտոէստրոգեն՝ կանացի սեռական հորմոն, որը բերում է ֆեմինիզացիայի։ Գարեջուր օգտագործող տղամարդկանց մոտ սկսում է ճարպը կուտակվել կանացի ձևով՝ կոնքերին, կոնքը լայնանում է, ինչպես նաև մեծանում են կրծքագեղձերը։ Տղամարդիկ սկսում են նմանվել կանանց թե ներքուստ, թե արտաքուստ։ Գարեջուրը տղամարդկանց մոտ թուլացնում է հետաքրքրությունը հակառակ սեռի նկատմամբ։ 20 տարվա գարեջրային ստաժ, և իմպոտենցիան ապահովված է։  Գարեջուր օգտագործող կանանց մոտ բարձրանում է քաղցկեղով ինչպես նաև անպտղությամբ հիվանդանալու հավանականությունը, իսկ կերակրող մայրերի դեպքում երեխայի մոտ կարող է էպիլեպսիկ նոպաներ սկսվել։ Կանայք տղամարդկանց հատուկ բնորոշիչներ են ձեռք բերում՝ ձայնը կոշտանում է։

Գարեջրի պահանջարկի բարձր ցուցանիշը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք մատուցման ձևով բազմազան կպչուն գովազները՝ գովազդային վահանակաները քաղաքային բանուկ մասերում և մայրուղիներում, ինչպես նաև ամենօրյա հեռուստատեսային գովազդն, որն արդեն վաղուց վերափոխվել է գարեջրային կենսակերպի։ Ահա գարեջրի կարգախոսը։ Մի քանի գիտնականներ գտնում են, որ գարեջուրը կաթից էլ օգտակար է։ Խորհուրդ են տալիս այն օգտագործել հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին՝ առավել խորը քնի համար։ Վնասակարության և թունավոր ազդեցության մասին հաճախ չի պատմվում։ Սակայն չեն հաղորդում, որ գարեջուրն իր վնասակարությամբ կարող է չափվել միայն սամոգոնի հետ, քանի որ երկուսում էլ կան շատ թունավոր միացություններ, որոնց պարունակությունը գարեջրում 10 և 100 անգամ գերազանցում են թույլատրելի քանակը։